Գյումրու մասին

Գյումրի․ հինավուրց բնակավայրից մինչև քաղաք 

Հնագիտական պեղումները, որոնց արդյունքում Գյումրու ներկայիս տարածքում և դրա շրջակայքում հայտնաբերվել են մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի հինավուրց կացարաններ և գերեզմաններ, վկայում են այն մասին, որ այս տարածքում մարդը բնակություն է հաստատել քարե դարից ի վեր։ Երկրամասի ամենավաղ բնակավայրերից մեկը՝ Կումայրին, որը շարունակաբար բնակեցված է եղել հնագույն ժամանակներից ի վեր, առինքնող պատմությամբ նկարագրում է Հայաստանի հյուսիսային այս մարզի կյանքն ու մշակույթը։

Միջնադարյան ժամանակաշրջանում գտնվելով տարբեր իշխանությունների տիրապետության տակ՝ Հայաստանի արևելյան հատվածը Ռուսական կայսրությանը բռնակցվեց 19-րդ դարի առաջին կեսին՝ ժամանակաշրջան, երբ քաղաքում մեծ թափով զարգացավ քաղաքաշինությունը։

Այստեղ քաղաքաշինությունը սնվում էր երկու՝ արմատապես տարբեր ոգեշնչման աղբյուրներից՝ մեկը գալիս էր պատմության խորքից (ժողովրդական), իսկ մյուսն արտացոլում էր ժամանակակից միտումները։ Քաղաքի հնագույն մասն ընդգրկում է Հայաստանի ժողովրդական ճարտարապետության ուշագրավ օրինակներ, որոնք կառուցվել են 19-րդ դարում։ Ժողովրդական ճարտարապետությունն արմատացած է բազմադարյա ավանդույթներում, որոնք արտացոլում են հայ քարագործների և ճարտարապետների ուրույն ձեռագիրը։ Վերջին հարյուրամյակում, սակայն, միջազգային ճարտարապետական բազմազան ոճերը ևս իրենց կնիքն են թողել քաղաքի վրա՝ արտացոլելով համաշխարհային միտումները։

Ի՞նչ կա անվան տակ

Քաղաքի ճարտարապետական և քաղաքային պատմությունն ուղղակիորեն արտացոլված է ժամանակի ընթացքում նրա ստացած բազմաթիվ անուններում։ Ամեն պատմական ժամանակաշրջան՝ սկսած 19-րդ դարից մինչ օրս, նոր ճարտարապետական ոճեր է բերել, և քաղաքն աճել է թե՛ չափերով, թե՛ հռչակով՝ դառնալով Հայաստանի կոլորիտային մշակութային մայրաքաղաքը։

Քաղաքականության և նոր կազմավորված կառավարությունների փոփոխություններով պայմանավորված՝ քաղաքը մի քանի անուն է ունեցել՝ Կումայրի, Գյումրի, Ալեքսանդրապոլ և կրկին Գյումրի։

Այս հինավուրց բնակավայրն ի սկզբանե Կումայրի է անվանվել, ինչը վկայված է դեռևս մ․թ․ 773 թվականի պատմագիտական աղբյուրներում։ Հետագայում՝ միջնադարյան ժամանակաշրջանում բնակավայրը կոչվում էր Գյումրի։ Քաղաքն այս անվանումով հասել է մինչև 1837 թվական, երբ Ռուսաստանի կայսր Նիկոլայ I-ն այն անվանեց Ալեքսանդրապոլ՝ ի պատիվ իր կնոջ՝ Ալեքսանդրայի։ Սկսվեց քաղաքի ծաղկման դարաշրջանը, կառուցվեցին էին սքանչակերտ շենքեր ու կառույցներ, որոնք հետագայում դարձան քաղաքի պատմական ժառանգության նշանակալի մասը։ 

1924 թվականին՝ խորհրդային վարչակարգի օրոք, քաղաքն անվանվեց Լենինական՝ ի պատիվ ԽՍՀՄ հիմնադիր ղեկավար Վլադիմիր Լենինի։ ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո՝ քաղաքի բնակչության մեծ մասի խնդրանքով, քաղաքը կրկին վերանվանվեց Գյումրի ազդարարելով ետխորհրդային ժամանակաշրջանը։

Պահպանելով անցյալը՝ հանուն ապագայի 

1980 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարության հրամանով հիմնադրվեց «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը, որը ներկայումս գործում է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության ներքո։ Երբ այն հիմնադրվեց, քաղաքի պատմական կենտրոնում կողք-կողքի տեղակայված էին մոտավորապես 1.600 ճարտարապետական հուշարձաններ և պատմական շինություններ։ Պատմական կենտրոնը զբաղեցնում էր մոտ 120 հեկտար տարածք (գրեթե 300 ակր)։ Կառույցը պատասխանատու էր շինությունների գիտական հետազոտության (հետազոտում, գույքագրում, վերանորոգում), ինչպես նաև թաղամասի՝ որպես պատմական վայրի պահպանության համար։ Տարիների ընթացքում թաղամասի տասնյակ առանձին կառույցներ վերանորոգվեցին, ինչի շնորհիվ վերականգնվեցին մի շարք տեղական արհեստագործական ավանդույթներ (քարագործություն, դարբնություն, փայտագործություն)։ Գիտավերականգնողական արհեստանոցը, որը փոխկապակցված է «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի հետ, ստեղծվել է քաղաքային պահպանության ծրագրեր և ժառանգության վերականգնման նախագծեր իրականացնելու նպատակով։ Այսօր «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը շարունակում է իր կարևոր առաքելությունն այս պատմական կենտրոնի պահպանման, հետազոտության, առաջխաղացման ապահովման և դրա վերաբերյալ գիտելիքների տարածման գործում։ «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի հիմնադրման շնորհիվ՝ պատմական թաղամասն այս մասշտաբի՝ միակ պահպանված պատմաճարտարապետական թաղամասն է ողջ Հայաստանում։